2. Ռոքային Հայաստանը
Հայկական ռոքի պատմությունը սկիզբ է առնում 60-ական թվականներին, երբ ստեղծվում են առաջին ռոք խմբերը։ «Джаз – роковый Ленинакан» ձեռնարկում հեղինակ Լյուդմիլա Բիլբիլիդին հիշատակում է առաջնեկներին՝ «Անգին Քարերը»՝ 1967 թ․, «The Bells»՝ 1968 թ․, «Արագած»՝ 1970 թ․, «Շիրակ»՝ 1966 թ․ և այլն։
«Բամբիռ» ռոք խմբի հիմնադիր-երաժիշտներից Գագիկ Բարսեղյանը՝ Ջագն ասում է, որ առաջին ռոք խմբերը երգել են ակումբներում և ներկայացրել են ոչ թե հեղինակային երգեր, այլ հայտնի ստեղծագործությունների քավր տարբերակներ։ Երաժիշտ Վահան Արծրունին 60-ականների ռոքի մասին խոսելիս առանձնացնում է «Առաքյալներ», «Երազողներ» խմբերին։ Եթե «Երազողներ»-ը հիմնականում կատարում էր «The Beatles»-ի կամ այլ հայտնի խմբերի երգեր, ապա «Առաքյալեր»-ը բերեցին հեղինակային երգերի մշակույթը ռոքում։
«Նրանք, ի տարբերություն մյուս խմբերի, արդեն ունեին հստակ երգացանք, որի հիմքում լուրջ պոեզիա էր՝ Մուշեղ Իշխանի և Արթուր Մեսչյանի պոեզիան։ Նրանց գործերի հիմքում հոգևոր երաժշտությունն ու շարականներն էին։ Եթե խոսենք ոչ թե թվականներից, այլ ռոքի կայացման հիմնաքարերից, չեմ կարող նաև չառանձնացնել «Բամբիռ» խմբին, որը դարձավ ֆոլք-ռոքի ամենավառ դրսևորումը»։