top of page

4. Հեղափոխություն երգում․ Էլվինա Մակարյան

Էլվինա Մակարյանը երկար տարիներ ստեղծագործել և աշխատել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ, երգել Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում, գրավել աշխարհի ամենատարբեր բեմերը, նրա տաղանդով հիացել է անգամ լեգենդ Ռեյ Չարլզը, բայց քչերը գիտեն նրա առաջին քայլերի մասին։ Կոմպոզիտոր Գայանե Կեսոյանը Էլվինայի երգերի մեծ մասի հեղինակն է, նկարահանել է նրա մասին պատմող երկու ֆիլմ՝ «Մենախոսություն» և «Չեմ կարող լռել կամ դարձյալ Էլվինա» և իրեն համարում է երգչուհու մտերիմներից մեկը։ Նա պատմում է, որ Էլվինայի ուրիշ և ծայրահեղ տաղանդավոր լինելը նկատվել է դեռ 11-12 տարեկանից։

 

Գայանե Կեսոյան. լուսանկարը՝ կոմպոզիտորի ֆեյսբուէյան էջից

«Ինձ Էդուարդ Միրզոյանը պատմել է, որ 60-ական թվականներին, երբ Էլվինան 11-12 տարեկան է եղել, ֆիլհարմոնիայում հայտարարվել է երգիչների մրցույթ, իսկ ժյուրիի կազմում է եղել Արամ Խաչատրյանը։ Էլվինան դուրս է եկել բեմ, նստել է դաշնամուրի մոտ և սկսել է Կոմիտասի ստեղծագործություններից երգել։ Արամ Խաչատրյանը միանգամից աչքերը բարձրացրել և ասել է՝ էս հրաշքն ո՞վ է։ Պատկերացրեք մի մրցույթ, որին մասնակցում էին արդեն կայացած երգիչներ, օրինակ՝ Ռաիսա Մկրտչյանը, և բեմ է դուրս գալիս, երգում զարմացնում 11-12 տարեկան Էլվինան»:

56770607_573497566393216_202434461204637

Հատված Գայանե Կեսոյանի «Չեմ կարող լռել կամ դարձյալ Էլվինա» դոկումենտալ ֆիլմից

Կեսոյանի խոսքով՝ Էլվինայի կյանքի իմաստը ջազն էր։ Նա սովորական էստրադային երգերը և անգամ Կոմիտասի ստեղծագործությունները ջազային մատուցմամբ էր ներկայացնում, իսկ սովետական էստրադան դա չէր ընդունում։

Էլվինա Մակարյան՝ «Ավերակ»

«Փարաջանովն էլ էր էդպիսին, նրան էլ էին ժամանակին քարկոծում, նրա ֆիլմերը ցույց չէին տալիս, նույնը Էլվինայի դեպքում էր։ Էլվինայի մասին պատմոզ առաջին հոդվածս տպագրելիս նրան Փարաջանովի թանգարան տարա ու խնդրեցի, որ դնի Փարաջանովի գլխարկը։ Հետո նրան լուսանկարեցի, և այդ լուսանկարն էլ հայտնվեց հոդվածիս շապիկին»։- ասում է Գայանե Կեսոյանը։

 

Իսկ երբ Կեսոյանն աշխատում էր երգչուհու մասին ֆիլմի վրա, Էլվինան, որն իր գինն ու տաղանդի չափաբաժինը միշտ է իմացել, ասել է․

«Ոչինչ, ոչինչ, վազվիր, դու հլը տես՝ քեզ ինչքան են իմ մասին խոսեցնելու»։

bottom of page